շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին նախնական համաձայնություն ձեռք բերելով «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի նախագահ, միաժամանակ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ.Գ.-ի, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վ.Ս.-ի հետ, 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր, ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և  համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

ՀՀ քննչական կոմիտե նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: