20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում փաստացի աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձերի գումարների յուրացման վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ և բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։