հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
15-ամյա Հրաչյայի մահվան կապակցությամբ քրեական գործ հարուցվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

15-ամյա Հրաչյայի մահվան կապակցությամբ քրեական գործ հարուցվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2021թ. հունվարի 29-ին՝ ժամը 21:30-ին, հաղորդում է ստացվել՝ 2005թ. ծնված անչափահաս տղայի անհետ կորելու մասին: ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:

InfoPort.am-ին  Քննչական կոմիտեից հայտնում են, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են տղայի անձնական իրերը: Որոշում է կայացվել` դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

  • Կիսվել: