երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
10 հազարից ավելի ոստիկանության ծառայողներ անցել են ուժային միջոցների նոր ստանդարտով վերապատրաստումներ․ ՆԳ նախարար

10 հազարից ավելի ոստիկանության ծառայողներ անցել են ուժային միջոցների նոր ստանդարտով վերապատրաստումներ․ ՆԳ նախարար

Այսօր խորհրդարանում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ներկայացնելով ոստիկանության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է նոյեմբերի 1-ից գործարկված ոստիկանության վերջին՝ չորրորդ հենասյունային ուղղության՝ Ոստիկանության գվարդիայի գործարկման մասին։ Գվարդիան պատասխանատու կլինի հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման համար։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարում մեծածավալ աշխատաքներ ենք իրականացրել Ոստիկանությունում ուժային միջոցների նոր ստանդարտի ներդրման ուղղությամբ։

«Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել նոր ստանդարտը։ Պետք է նշեմ, որ Ոստիկանության համակարգի համար նախադեպը չունեցող ծավալով՝ 10 հազարից ավելի ոստիկանության ծառայողներ անցել են ուժային միջոցների ստանդարտով վերապատրաստումներ»,- ընդգծել է ՆԳ նախարարը՝ հավելելով, որ հետևողականորեն պետք է շարունակեն վերապատրաստման աշխատանքները և հասնեն նրան, որ տարիների ընթացքում այս ստանդարտը դառնա ոստիկանության ծառայողների հիշողության մաս և կարիք չլինի  այլ միջամտությունների, որպեսզի ծառայողները ստանդարտին համահունչ վարքագիծ դրսևորեն։

  • Կիսվել: