ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարարի հետ

Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Զոհրաբ Մնացականյանը և Փիթեր Էրիքսոնն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների վերընթաց զարգացումը կհանգեցնի առավել շոշափելի արդյունքների: Այս առնչությամբ կարևորվեց տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառումը: 

Որպես ավանդական թիրախային ուղղություններ` առանձնացվեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառում փորձի փոխանակումը, առողջապահության, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաև աղբի վերամշակման  ուղղությամբ համագործակցության խթանումը։ Զոհրաբ Մնացականյանը և Փիթեր Էրիքսոնն ուղենշեցին այլընտրանքային և վերականգնվող էներգիայի արտադրության բնագավառում համագործակցության հեռանկարները: Կարևորվեց Հայաստանի և Շվեդիայի միջև նաև մարզային փոխգործակցության խթանումը: 

Նախարար Մնացականյանը Փիթեր Էրիքսոնին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ վերահաստատելով կառավարության հստակ հանձնառությունն՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ գործընթացում Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց Շվեդիայի կառավարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի հետ Շվեդիայի զարգացման համագործակցության երկկողմ ծրագրի մեկնարկը: 

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

  • Կիսվել: