ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների առնչությամբ փաթեթը մանրակրկիտ կքննարկվի հանձնաժողովում, ինչից հետո՝ ԱԺ լիագումար նիստում։ Քոչարյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Պաշտպանության փոխնախարարին ուղղված հարցերին:
Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հետ կապված՝ ինքը գրություն է ուղարկել ՊՆ: «Ստացված պատասխանում նշվում է, որ ԳՇ-ն ամբողջական վերլուծությունը և ուսումնասիրությունը չի ավարտել, բայց հաջորդ նախադասությունում նշվում է, որ դրա արդյունքների հիման վրա այս պահին ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ և բարեփոխումներ են իրականացվում: Այսինքն՝ ստացվում է, որ չավարտված ուսումնասիրությունների հիման վրա իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ և ռեֆորմներ»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե ինչու՞ բարեփոխումների գործընթացը որևէ ձևով հրապարակման ենթակա չէ:
Ըստ նրա՝ նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովը պետք է մաս կազմի այդ փոփոխությունների քննարկումներին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց: «Հանձնաժողովն այդ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ քննարկելու է, օրենսդրական հարցեր կան, որ առանց հանձնաժողովի չեն կարող ընդունվել: Կառուցվածքային բարեփոխումների փաթեթը պարտադիր պետք է այս հանձնաժողովով անցնի և գա ԱԺ, որ սկսվի դրա իրավական գործընթացը»,- նշեց Քոչարյանը:
Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ է պաշտպանության նախարարը ոչ նպատակահարմար համարել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամի՝ այսինքն իր այցը առաջնագիծ:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով պատգամավորի մերժմանը, նշեց. «Պատասխանում ամեն ինչ կա: Ձեզ կատեգորիկ մերժման պատասխան չի տրվել, ներկա փուլում գտնվել է ոչ նպատակահարմար: Իսկ դրա պատասխանն ունեն ԶՈՒ-ն, ԳՇ-ն, վստահ եմ, որ վերլուծության գնահատման արդյունքում է Ձեզ տրվել այդ պատասխանը: Եվ ինչ-որ փուլում, երբ կգտնվի նպատակահարմար, բնականաբար, Ձեզ հնարավորություն կտրվի ուսումնասիրել նշված տեղամասը»,- ասաց նա:


