հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ժողովրդից ստացած պողպատե մանդատով ՀՀ-ում պետք է հաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա. Փաշինյան

Ժողովրդից ստացած պողպատե մանդատով ՀՀ-ում պետք է հաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա. Փաշինյան

Հայաստանի քաղաքացիական ուժը կենտրոնանում է հունիսի 20-ին վճռական որոշմամբ Հայաստանում քաղաքացիական իշխանությունը վերահաստատելու համար: Այս մասին այսօր Իջևանում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց, որովհետև եթե նախկինում ՀՀ-ն թուլանում էր, իսկ իրենք՝ ուժեղանում, ապա 2018-ից հետո Հայաստանը մեծ տեմպերով զարգանում էր:

՛՛2019-ին մենք աննախադեպ տարի ենք ունեցել ՀՀ-ում: Հայաստանը եվրասիական տարածաշրջանում գրանցել է ամենամեծ տնտեսական աճը: 2019 թ. արդյունքներով մենք 1 մլրդ դոլարով ավելացրել ենք ՀՀ պետական բյուջեի եկամուտները: Մենք 2019 թ. 1 մլն 200 հազար մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ենք բարձրացրել, 2019-20 թթ. ՀՀ-ում կառուցվել են տասնյակ-հարյուր կիլոմետրերով ճանապարհներ, որ տասնյակ տարիներ չէին վերանորոգվել՛՛,-նշեց Փաշինյանը:

Նա հավելեց նաև, որ կառուցվել են բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ, բայց դրանք չեն արել քվեի համար, այլ կառուցել են հանուն քաղաքացու:

Փաշինյանի խոսքով՝հունիսի 20-ին ոչ թե իրենց, այլ՝ քաղաքացու գնալ-մնալու խնդիր է դրված: Ըստ նրա՝ իրենց նախորդ հեղափոխությունն ուշացել է, բայց նոր հեղափոխությունը չպետք է հետաձգվի:

Փաշինյանն ասաց. ՛՛Այո՛, ժողովրդից ստացած պողպատե մանդատով պետք է ՀՀ-ում հաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա, պետք է երկրի օրգանիզմը կառուցենք երկաթե հենքի վրա, պողպատե ողնաշարով, պողպատե ձեռքերով՝ երկրում իրականացնելով պողպատե, բայց ճշգրիտ կառավարում: Եվ դրա համար, այո՛, մենք ակնկալում ենք նորովի և նորացված մանդատ մեր ժողովրդից և հույս հայտնում՝ հունիսի 20-ին կգնաք ընտրական տեղամասեր արձանագրելու, որ ՀՀ-ում ապագա կա՛՛:

  • Կիսվել: