Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, օրակարգում ընդգրկված էին նախարարության ընթացիկ աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր։
Հանձնարարվել է սեղմ ժամկետներում ամբողջացնել և ավարտել վերաբաշխումների նախագծերը՝ հաշվի առնելով բյուջետային տարվա ավարտը և նախատեսված աշխատանքների ժամանակին ապահովելու անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև տարկետումների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, այդ թվում՝ Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված առաջին 50 համալսարաններում ուսումնառության նպատակով տարկետում տրամադրելու վերաբերյալ։ Նախարարը հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին․ ներկայացվել են մասնակցության ցուցանիշները և արձանագրված նախնական արդյունքները։
Տրվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող համապատասխան հանձնարարականներ՝ կարևորելով դրանց՝ ժամանակին և պատշաճ կատարումը։



