Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ
Քվեարկության արդյունքների ամփոփումը, որը ԿԸՀ կայքով արտացոլվել է, 1 րոպե անգամ չի կանգնել: Այսինքն՝ ամբողջ գործընթացը անդադար ընթացել է: Այդ մասին Ազգային ժողովում ԿԸՀ զեկուցման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Վահագն Հավակիմյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հարցին, թե խորհրդարանական ընտրությունների օրը քվեարկությունը դադարեցվե՞լ է:
Ըստ ԿԸՀ նախագահի՝ այդ օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո, բայց հիմնական թիրախը եղել են ընտրական համակարգը և ուղիղ եթերը:
«Քվեարկության ամփոփման փուլի ժամանակ մեր համակարգը խիստ գրոհի ներքո է եղել, և ԿԸՀ-ն, մեր մասնագետները, ՀՀ կիբեռանվտանգության լավագույն մասնագետները, այդ թվում՝ միջազգային փորձագետ գործընկերները, ընտրություններին զուգահեռ զբաղված էին վիրտուալ գրոհը կանխելու, վիրտուալ գրոհները հետ մղելու գործընթացով»,- ասաց նա՝ հավելելով, որ, բարեբախտաբար, համակարգին վնաս չի հասցվել:
«Կարող եմ հավաստիացնել, որ 1 րոպե անգամ մեր համակարգը չի դադարել գործել, ընտրատարածքներից եկածն անմիջապես հրապարակվել է»,- ասաց նա:


