շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընտրական օրենսգիրքը պատրաստ է. որոնք են կարևոր փոփոխությունները. «Ժողովուրդ»

Ընտրական օրենսգիրքը պատրաստ է. որոնք են կարևոր փոփոխությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն իր մեջ ներառում է նաեւ փոփոխություններ «Կուսակցությունների մասին», «ՏԻՄ-երի մասին» օրենքների նախագծերում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող խմբակցությունը օրենքների նախագծերի փաթեթի շուրջ վերջնական համաձայնության է եկել այս տարվա նոյեմբերի 4-ին եւ վերջին շտկումներից հետո պաշտոնապես այն դրել շրջանառության մեջ: Փորձենք ներկայացնել առավել կարեւոր փոփոխությունները, որոնք առաջարկվում են իշխող ուժի կողմից:

Նախ նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ նախապես ֆիքսված (փակ) կուսակցական ցուցակների հիման վրա՝ վերացնելով տարածքային ցուցակները, այսինքն` ռեյտինգային ընտրակարգը վերանալու է: Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ստեղծված հարթակի միջոցով կուսակցություններին հնարավորություն է տրվում իրականացնելու իրենց ընտրական ցուցակի նախաքվեարկություն։

Նշենք, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին վարկանիշային համակարգով:

Խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը կուսակցությունների համար նվազեցվել է՝ սահմանելով 7.5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար նախատեսվում է կրկնապատկել ընտրական գրավի չափը՝ սահմանելով 15 մլն դրամ։ Կուսակցությունների համար ընտրական շեմը եւս իջեցվել է՝ սահմանելով 4 տոկոս (5 տոկոսի փոխարեն)։ Այլ մոտեցում է սահմանվել նաեւ կուսակցությունների դաշինքների դեպքում։ Մասնավորապես, երկու կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում ընտրական շեմը կազմում է 8 տոկոս, երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս։

 

Հավելենք, որ, գործող կանոնակարգումներով, բոլոր դեպքերում դաշինքների համար անցողիկ շեմը 8 տոկոսն էր:

Փոխվել է նաեւ մեծամասնության լրացուցիչ մանդատների բաշխման հնարավորության հարցը, մասնավորապես՝ նախատեսվում է, որ եթե որեւէ կուսակցություն մանդատների բաշխման արդյունքում ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի 50 տոկոսը, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս:

Նախագծով նաեւ վերացվել է կոալիցիաներ կազմելու կուսակցությունների թվի սահմանափակումը, ինչպես նաեւ էապես ավելացվել է կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը:

 

Մի խոսքով, իշխանությունները ընտրությունների գնալու համար արդեն իրավաբանորեն պատրաստել են ցանկալի հարթակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: