հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ընդդիմությունում նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ կլինեն քննարկումներ․ Արամ Վարդևանյան

Ընդդիմությունում նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ կլինեն քննարկումներ․ Արամ Վարդևանյան

Նախագահի թեկնածու կարող է առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ¼-ը, հետևաբար նախագահի թեկնածու առաջադրելու գործիքակազմ ունի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն իրենից առաջացնելու է կոնկրետ քաղաքական գործընթացներ։ Ըստ նրա՝ Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է շատ բարդ իրավիճակում, և ակնհայտ է, որ առկա են որոշակի նոր մարտահրավերների ռիսկեր։
 

Պատգամավորը խոսքով՝ երբ յոթօրյա ժամկետը լրանա, և նախագահը հետ չվերցնի իր կողմից ներկայացված դիմումը, այդ ժամանակվանից գործելու է նախագահի թեկնածու առաջադրելու հնգօրյա ժամկետ։

«Ընդդիմությունում այս հարցի վերաբերյալ քննարկումներ տեղի կունենան»,-ասաց պատգամավորը։

Արամ Վարդևանյանը նշեց, որ գործող Սահմանադրությունը թույլ էր տալիս օրենսդրական փոփոխությունների միջոցով Հանրապետության նախագահի տեղն ու դերը փոփոխելու, սակայն նման փոփոխություն չի եղել։ Պատգամավորի խոսքով՝ 4 տարիները ցույց են տվել, որ Հանրապետության նախագահը դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց ամբողջությամբ իրացնելու այդ լիազորությունները։

«Նախագահի ինստիտուտը կարող էր բավականին լուրջ ձևով կայանալ։ Ի վերջո, Հայաստանի նախագահի լիազորությունները ավելի շատ են, քան Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները։ Տեսել եք, թե ինչպիսի արդյունավետությամբ է գործում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը՝ ի պատիվ, իհարկե, Արման Թաթոյանի, բայց նաև տեսել եք, թե ինչպիսի իներտ և պասիվ էր Հանրապետության նախագահի ինստիտուտը։ Նախագահի ինստիտուտը կարող էր լինել արդյունավետ, բայց դա տեղի չի ունեցել։ Նախագահի ինստիտուտն այս 4 տարիների ընթացքում որևէ կերպ չկայացավ հենց նախագահի պասիվության, իներտության և իր լիազորություններից չօգտվելու հետևանքով: Հիմա էլ Արմեն Սարգսյանի հրաժարականը որոշակիորեն կարող է ընկալվել նաև որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց»,-եզրափակեց Վարդևանյանը։

 

  • Կիսվել: