ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վշտացած եմ միջազգային կառույցների և մեծ երկրների քայլերից. Քոքսը՝ Արցախում կատարվողի մասին

Վշտացած եմ միջազգային կառույցների և մեծ երկրների քայլերից. Քոքսը՝ Արցախում կատարվողի մասին

 Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ: Այս մասին Քոքսը նշեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև: Այս իրավիճակը գնալով սրվում է: Մինչ օրս որևէ ազգ կամ միջազգային կազմակերպություն չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը և ո՛չ էլ Ռուսաստանը: Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին»,- ասաց բարոնուհին:

«Հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություներ ունենա Երևանի, Սևանի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, դա է՝ գրավել ձեր հայրենիքը», - ասաց բարոնուհին։

Նա նշեց, թե Ստեփանակերտի «Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնի» հինադիր Վարդան Թադևոսյանը երկու օր առաջ իրեն ասել է հետևյալը. «Սննդի պաշարները վերջանում են, մեկ ձվի արժեքը հիմա 800 դրամ է։ Հոգնել ենք նման պայմաններում ապրելուց, հոգեկան հիվանդ ենք դարձել, կարծես բանտում լինենք՝ չիմանալով, թե որքան ժամանակ պետք է մնանք այստեղ»։

Բարոնուհին ասուլիսի ընթացքում մեջբերեց Հայաստանում գտնվող արցախցիներից մեկի՝ իրեն փոխանցած խոսքերը. «Ամեն օր տեսնում եմ տատիկիս՝ հացի հերթում կանգնած նկարները, նա ամեն օր հերթից ձեռնունայն է տուն վերադառնում։ Եղբայրս ալերգիա ունի, քույրս՝ շաքարային դիաբետ, բայց դեղորայք չեն կարողանում ձեռք բերել։ Սիրտս կտոր-կտոր է լինում, միակ բանը, որ ուզում եմ՝ շրջափակումը վերջանա, որ կարողանանք միասին լինել»։

«Առանց հայկական Արցախի Հայաստանի Հանրապետության գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան վտանգված է այսօր» , - հայտարարեց Քոքսը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի և առևտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից: Քոքսը վստահ է՝ այդպիսով ավելի քան 120.000 բնիկ հայ կդառնա հակահայկական ավտորիտար պետության քաղաքացի՝ նրանք ստիպված կլինեն զիջելու իրենց ազատությունն ու սեփական հողի նկատմամբ վերահսկողությունը:

  • Կիսվել: