հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է. Արա Այվազյան

Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է. Արա Այվազյան

Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է, որով զբաղվում ենք։ Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ։ Հուսով ենք՝ շուտով լուծում կգտնվի։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին։

Վերջինս նշեց՝ սահմանների բացումը հատկապես Տավուշի, Լոռու մարզի բնակիչներին շատ է հուզում, քանի որ այդ մարզերի բնակիչների հիմնական մասն առևտրով է զբաղվում և հիմա զրկված է եկամուտ ստանալու հնարավորությունից։

«Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության ավելացման հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, մարդկանց հոսքը խիստ կրճատվել է, թեև իրականացվում են բեռնափոխադրումներ»,-ասաց պատգամավորը։

Նախարարն ասաց, թե նախորդ շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով, և քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ՝ ցամաքային սահմանների բացման հարցը։

«Երկու կողմն էլ դրական է տրամադրված այս հարցի լուծմանը։ Համավարակը, բնականաբար, իր բացասական ներազդեցությունն  ունի, բայց նաև առկախ են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք, վստահ եմ, ենթակա են արագ լուծման»,-ասաց Արա Այվազյանը։ 

  • Կիսվել: