երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների իր հարթակն է առաջարկում

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների իր հարթակն է առաջարկում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի զարգացմամբ և հարևաններին, որոնց վստահում է, բանակցությունների իր հարթակն է առաջարկում: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում։

Նրա խոսքով ՝ Թբիլիսին կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար, և վրացական կողմը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան, որից կշահեն երկու կողմերը:
Դարսալիան նշել է, որ Վրաստանը տեսնում, հասկանում և հաշվի է առնում որոշակի բարդություններ, որոնք առկա են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում: Այդ նպատակով Թբիլիսին ավելի վաղ հանդես էր եկել խաղաղ բարիդրացիության նախաձեռնությամբ և երկու երկրներին աջակցություն էր առաջարկել բանակցությունների անցկացման մասով։

«Մեզ համար ակնհայտ է, որ պետք է պահպանել համագործակցությունը (նկատի ունի Հարավային Կովկասի երեք երկրներին – խմբ.), այլ ոչ թե կողմնակի խաղացողներին մեր ասպարեզ թողնել», – ասել է Դարսալիան:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը:

Վրաստանի փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Թբիլիսին շահագրգռված է Անկարայի և Բաքվի հետ ավանդական ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ:
«Մի քանի ամիս առաջ մենք թարմացրեցինք մեր հարաբերությունները Հայաստանի հետ ՝ հասցնելով այն ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կարծում ենք, որ դա մեծ ներդրում կունենա տարածաշրջանում համագործակցության գործընթացում», - ասել է նա ։

Փոխնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում կոմունիկացիոն նախագծերին։ Դարսալիան մատնանշել է տարածաշրջանի հնարավորությունները, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարները։

  • Կիսվել: