երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել, ՍԴ-ն չի կարող մեկնաբանել գոյություն չունեցող դիմումը. խոսնակ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել, ՍԴ-ն չի կարող մեկնաբանել գոյություն չունեցող դիմումը. խոսնակ

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վիճարկում լինելու է, թե ոչ ՍԴ-ում՝ ես այս հարցին չեմ կարող պատասխանել, այս հարցով սպեկուլիացիաները շատ են, ինչ վերաբերում է հանրապետության նախագահի դիմումին՝ ասեմ, որ մինչև երեկ 19.30 -ի դրությամբ՝ ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել, այսօր էլ՝ մինչ այս պահը որևէ դիմում նախագահից չունենք։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

«Ինչու եմ ասում, որ հարցը բաց է, քանի որ դեռ որևէ դիմում ՀՀ նախագահից գոյություն չունի։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել, քանի դեռ դիմում գոյություն չունի, քանի դեռ դիմումը չի հասել ՍԴ, ՍԴ-ում չեն կարդացել դիմումը՝ մենք չենք կարող ասել, թե նախագահը ինչ կետերով է որոշել վիճարկել կամ առարկություններ հայտնել կամ ՀՀ սահմանադրության հետ համապատասխանության որ կետերն է որոշել վիճարկել, քննել և պարզել։ Մամուլում ընդարձակ դիսկուս կա, թե այս դրույթով կարող է դիմել, այնպես կարող է անել, բայց հարցն այն է, որ քանի դեռ որևէ դիմում գոյություն չունի՝ մենք չենք կարող ձևակերպում տալ կամ վերջնական կարծիք հայտնել դրա մասին, ՍԴ-ն չի կարող որևէ կերպ մեկնաբանել գոյություն չունեցող դիմումը»։
 

Հարցին, թե եթե հանրապետության նախագահը որևէ դիմում է ներկայացնում ՍԴ՝ որքան ժամանակ է տևում մինչև այն մուտքագրվում է՝ նա նշեց, որ աշխատանքային ժամերին դիմումի մուտքագրումը կատարվում է անմիջապես։

«Եթե ոչ աշխատանքային ժամերին, օրինակ, գիշերն է ուղարկվում, ապա հաջորդ աշխատանքային օրն անմիջապես՝ փուլ առ փուլ մուտքագրումը կատարում ենք։ Ինչ վերաբերում է փոստային ծառայությամբ ուղարկված դիմումներին, ապա դա կապված է նրանից, թե տվյալ փոստային ծառայությունը որքան ժամանակում փաթեթը կհասնի ՍԴ»։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին նախագահականը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Արմեն Սարգսյանը չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և Սահմանադրական դատարան է դիմելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։

  • Կիսվել: