շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերջին մարտերի արդյունքում ունենք մեծ առաջընթաց պաշտպանված եւ հուսալի սահմաններ ապահովելու համար. ՔՊ պատգամավոր

Վերջին մարտերի արդյունքում ունենք մեծ առաջընթաց պաշտպանված եւ հուսալի սահմաններ ապահովելու համար. ՔՊ պատգամավոր

Շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, խորհրդարան-երիտասարդություն կապը միշտ պետք է ամուր եւ հարատեւ լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, խորհրդարան այցելած Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումն անցել է ակտիվ քննարկման մթնոլորտում: Ուսանողները հղել են բազմաթիվ հարցեր, որոնց լայն շրջանակն ընդգրկել է հիմնականում ԼՂ հակամարտության, ԼՂ ինքնորոշման իրավունքի եւ կարգավիճակի, ադրբեջանական հակահայ քաղաքականության, ռազմագերիների վերադարձի եւ սահմանային իրավիճակի կարգավորմանն ուղղված խնդիրները:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ պատգամավորը կարեւորել է Արցախի մեր հայրենակիցների ապրելու եւ գործելու իրավունքը, նրանց անվտանգությունն ապահովելու եւ պաշտպանելու, հնարավորինս արագ եւ անվտանգ շրջափակումից դուրս բերելու օրակարգային խնդիրները:

Արձագանքելով ուսանողների այն հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում զինծառայողների կյանքի պայմանները բարելավելու, աշխատավարձերի բարձրացման համար՝ Արթուր Հովհաննիսյանն առանձնացրել է Կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ պայմանագրային զինծառայողները կամավոր կարող են ատեստավորվել ու այն անցնելու դեպքում հավելավճար ստանալ:

Արթուր Հովհաննիսյանը խոսել է համայնքները բնակեցնելու, զարգացնելու, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերը պաշտպանության բարձր մակարդակի հասցնելու՝ ուսանողությանը մտահոգող հարցերի մասին: «Ուզում եմ արձանագրել, որ վերջին մարտական գործողությունների արդյունքում ունենք մեծ առաջընթաց եւ զգալի տեղաշարժ պաշտպանված եւ հուսալի սահմաններ ապահովելու համար»,- ասել է խմբակցության քարտուղարը:

Պատգամավորն իր երախտագիտության խոսքն է հայտնել 44-օրյա պատերազմում մասնակցություն ունեցած ուսանողներին՝ հայրենիքի առջեւ կատարած պարտքը պատվով եւ նվիրումով կատարելու համար:

  • Կիսվել: