երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վերջին 30 տարիներին հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն ազատ ու անկախ Արցախի գոյությունն է․ Վանեցյան (տեսանյութ)

Վերջին 30 տարիներին հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն ազատ ու անկախ Արցախի գոյությունն է․ Վանեցյան (տեսանյութ)

Արցախի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ կուսակցության խորհրդի, մի խումբ անդամների ու աջակիցների ուղեկցությամբ, այսօր այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում են կուսակցությունից:

Ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին, Ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Զորավար Անդրանիկի շիրիմներին՝ «Հայրենիք»-ի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը։

«Արցախի անկախության նվաճումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձությունն է։ Այն տոն է դարձել՝ շնորհիվ այստեղ հանգչող հերոսների»,-շնորհավորելով կուսակից ընկերներին՝ ասաց Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ համայն հայության ջանքերը պետք է մեկտեղել՝ ընդլայնելու Արցախի անկախության ճանաչման քարտեզը։

Անկախ Արցախի հոբելյանի առթիվ Արթուր Վանեցյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացիներին․«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է։ Այս օրը տոն է բոլորիս համար։ Վերջին 30 տարիներին հայ ժողովրդի հավաքական ամենամեծ ձեռքբերումն ազատ ու անկախ Արցախի գոյությունն է, հայոց բանակի կայացումն է, մեր միասնական հայրենիքի երկու հատվածներում պետականության ամրապնդումն ու հզորացումն է։

Եռաբլուրը Արցախի արևմտյան սահմանն է՝ ամենաամուրը, որ ստիպում է ամեն օր ավելի ու ավելի ամրանալ արևելյանին՝ առաջնագծին։ Հարգանքի և խոնարհումի տուրք մատուցելով Արցախյան գոյապայքարում իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին՝ այսօր մենք վճռական նայում ենք առաջ ու հիշում, որ Արցախի անկախության հռչակման այդ պատմական փաստաթուղթը դեռ սպասում է իր լիարժեք կենսագործմանը, հատկապես Շահումյանի շրջանի և Արցախի օկուպացված մյուս հատվածների վերադարձին։

Փառք ու պատիվ մեր տղաներին, սահմանում կանգնած սպաներին ու զինվորներին, փառք ու պատիվ մեր բանակին։ Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս փառահեղ օրվա կապակցությամբ, մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն, միասնականություն և նորանոր հաղթանակներ»։

 

  • Կիսվել: