հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Կարմիրբերետավորները Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին

Կարմիրբերետավորները Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին

Երևանում կրկին բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացվում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կարճ ժամանակով փակեցին Սայաթ–Նովա–Նալբանդյան և Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկները։

Երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։

Այստեղ են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Մհեր Սահակյանը:

Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով վասավ Հանրապետության հրապարակին, կարմիրբերետավորները կրկին սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ վայրերում ակցիաների մասին՝ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կանգառի մոտ, «Սասունցի Դավիթ» կանգառի մոտ, մետրո երիտասարդական կանգառին հարակից Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։

«Վաղը դարձյալ ճնշումը մեծացնում եք՝ հարավից հյուսիս, Հայաստանի ողջ տարածքով, պետք է խաղաղ անհնազանդության, հաշտական և սիրո գործողություններ տեղի ունենան։ Ճշմարտությունը հաղթելու է՝ ինչ ճանապարհով ուզում է լինի»,- նախօրեին ասել էր Բագրատ Սրբազանը։

«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Աբովյան փողոցում։

  • Կիսվել: