երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերջին 3 տարիներին ԵԽ բանաձևերն ավելի ու ավելի թիրախային են խոսում Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիության մասին. Եղոյան

Վերջին 3 տարիներին ԵԽ բանաձևերն ավելի ու ավելի թիրախային են խոսում Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիության մասին. Եղոյան

ԵՄ-ում հավաքված է ամբողջ եվրոպական քաղաքական հանրույթի ներկապնակը բոլոր հնարավոր կողմերից, և այն, ինչ ասում է Եվրապառլամենտը, այսպես թե այնպես, մտնում է եվրոպական քաղաքական շրջանակների օրակարգ, բառապաշար: Դրանք թեմաներ են, որոնց շուրջ նրանք սկսում են մտածել, թեմաներ, որոնց անդրադառնում են: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Եվրախորհրդարանը երեկ 2 հայանպաստ բանաձև է ընդունել, դրանք ի՞նչ են տալիս Հայաստանին:

Արման Եղոյանը նախ հիշեցրեց, որ Եվրամիության խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են ԵՄ քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ: Նրանք իրենց երկրներում արդեն իսկ փորձառու քաղաքական գործիչներ են, վարչապետ, նախարար են եղել և շատ մեծ ազդեցություն ունեն իրենց երկրներում վարվող քաղաքականության վրա:

«Հատկապես վերջին 3 տարիների ընթացքում Եվրախորհրդարանի բանաձևերն ավելի ու ավելի թիրախային են խոսում Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության անթույլատրելիության մասին: Օրինակ՝ սրանից 2 տարի առաջ սանկցիաների մասին ոչ ոք չէր խոսում, ես իմ շփումներից կարող եմ ասել՝ նման միտք էլ չկար ոչ մեկի մոտ, հիմա արդեն խոսում են սանկցիաներից, ոչ միայն անհատական սանկցիաներից, այլև ընդհանուր նավթի և գազի գնման վրա կիրառվող սանկցիաներից, ինչը շատ լուրջ ազդակ է:

Ես գիտեմ, որ սա միայն Եվրախորհրդարանի դիրքորոշումը չէ: Շատ անդամ պետություններ պատրաստ են նշված վտանգավոր զարգացումների դեպքում կիրառել այդ գործիքակազմը ազգային պետության մակարդակով: Եվրամիության մակարդակով, բնականաբար, 27 երկրների համաձայնությունը պետք է կլինի»,- ասաց նա:

  • Կիսվել: