շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերները տեղեկացված են, որ մենք պատրաստվում ենք ընդունել այս փոփոխությունը. Ռուբինյան

Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերները տեղեկացված են, որ մենք պատրաստվում ենք ընդունել այս փոփոխությունը. Ռուբինյան

ԱԺ արտահերթ նիստում Ռուբեն Ռուբինյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում մեջբերեց հատվածներ Էդմոն Մարուքյանի՝ 2018 թ. հոկտեմբերի 22-ի ելույթից, երբ քննարկվում էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

«Փոփոխության է ենթարկվում Ընտրական օրենսգիրքը, այն օրենսգիրքը, որը թիրախավորվել է իմ կողմից կոնկրետ, մեր կուսակցության կողմից դեռևս տարիներ առաջ, և հենց ռեյտինգային ընտրակարգը, երբ մարդիկ ցուցակների հրապարակման հարց էին բարձրացնում, ես ասում էի՝ պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է»,- Մարուքյանի խոսքը մեջբերեց Ռուբինյանը: 

Նա ասաց, որ հիմա փոխում են Ընտրական օրենսգիրքը և անցնում մաքուր համամասնական ընտրակարգի, որովհետև դա իրենց հանձնառությունն է:

«Դա ոչ միայն մեր հանձնառությունն է, այլ նաև պարոն Մարուքյանի հանձնառությունն է: Նա այս ելույթով, դրան նախորդող ելույթներով ընտրությունների ժամանակ քարոզարշավին հնչեցրած մտքերով ստանձնել է հանձնառություն, և մենք հիմա կիրականացնենք ոչ միայն մեր հանձնառությունը որպես «Իմ քայլը» դաշինք, այլ նաև մյուս խորհրդարանական ուժերի հանձնառությունը, ինչպես նաև կիրականացնենք արտախորհրդարանական քաղաքական ուժերի պահանջը կամ ցանկությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ելույթին, որում նա նշել էր, որ իրենք պնդում են առաջարկը բաց համամասնական ընտրակարգ ընդունելու վերաբերյալ՝ Ռուբինյանն ասաց՝ դա հակասում է իր իսկ քաղաքական ուժի դիրքորոշմանը:

«Իր իսկ քաղաքական ուժի ներկայացուցիչը՝ պարոն Մարուքյանը, հայտարարել էր վերջերս, որ չկա շանս ընդունելու բաց համամասնական ընտրակարգ և ընտրությունները անել շուտ: Եթե պետք է դա արվի, ապա ընտրությունները կլինեն ուշ, բայց, միևնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանը» հայտարարում է, որ իրենց սկզբունքային դիրքորոշումն է, որ ընտրությունները պետք է շուտ լինեն: Հետևաբար սա ընդհանրապես փաստարկ չէ: Այն, ինչը մենք հիմա ընդունելու ենք, ներառված է այն մեծ փաթեթում, որն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով, և որի վերաբերյալ կարծիքը կլինի: Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերները տեղեկացված են, որ մենք պատրաստվում ենք ընդունել այս փոփոխությունը»,- ասաց Ռուբինյանը:

  • Կիսվել: