երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Վայոց ձորի մարզպետն ընդունել է Նիժեգորոդի պատվիրակությանը

Վայոց ձորի մարզպետն ընդունել է Նիժեգորոդի պատվիրակությանը

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Վայոց ձորի գործընկեր Նիժեգորոդ մարզի պատվիրակությանը՝ Նիժնի Նովգորոդի քաղաքային դումայի նախագահ Օլեգ Լավրիչևի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր է գնահատել երկու մարզերի միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված հարաբերությունները, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում՝ ստեղծելով համագործակցության զարգացման նոր հեռանկարներ։

Գործնական այցի շրջանակներում կողմերը քննարկել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նիժեգորոդի պատվիրակությունն այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց, որը 2014 թ. երկու մարզերի միջև բարեկամության հաստատման շրջանակներում անվանակոչվել է ծննունդով Նիժեգորոդից ռուս հայտնի գրողի անունով:

Ներկաները ծանոթացել են դպրոցի գործունեությանը, ռուսաց լեզվի խորացված ուսուցման ծրագրին և դպրոցի աշակերտներին և դասախոսական կազմին նվիրել ռուսական գեղարվեստական գրականության և ռուսաց լեզվի դասագրքեր։

Պատվիրակության անդամները ճանաչողական այցի շրջանակներում այցելել են նաև Ջերմուկ և Արենի համայնքի գեղատեսիլ վայրեր՝ ծանոթանալով Վայոց ձորի մարզի պատմամշակութային կոթողներին և հարուստ պատմությանը։

  • Կիսվել: