Վարդան Ղուկասյանը տարիներ շարունակ ոտքերը սրբելու փալաս է հանդիսացել շատերի համար. Սամվել Բալասանյան
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը արձագանքելն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Սամվել Բալասանյանը, մասնավորապես, նշել է.
«Ալամ աշխարհի ստախոս նախկին քաղաքապետը տարիներ շարունակ ոտքերը սրբելու փալաս է հանդիսացել շատերի համար, դրա մասին չեմ էլ ուզում խոսել, ինքն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:
Ինչ վերաբերում է դատախազությունում նախապատրաստվող նյութերին՝ այդ գործընթացը գտնվում է իրավական հարթությունում, ուստի որեւէ ասելիք չունեմ: Ի վերջո, յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արածների համար։ Ես հոգսաշատ քաղաքի քաղաքապետ եմ եւ ամեն ինչ անում եմ օր-օրի քաղաքը շենացնելու, տուրիստական քաղաք դարձնելու համար»:
Ավելի վաղ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում պարզել է, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում: