Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության․ դատախազ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, մասնավորապես, վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգու որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը:
Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմում: Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: «Ինչքան տեղյակ եմ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել, բայց մենք նախաձեռնում ենք հարցաքննության հրավիրել: Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար, երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,-ասաց դատախազը:
Ինչպես տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը, Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք եւս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ» -ի, «Մայիսյանի» եւ այլ կաթսայատների օտարումները: