երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարչապետի աշխատանքային այցը Գյումրի

Վարչապետի աշխատանքային այցը Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եղել է Տիգրան Մեծ և Սայաթ Նովա փողոցներում, ծանոթացել այստեղ իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Փողոցները բարեկարգվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հատկացրած ֆինանսական միջոցներով:

Գյումրեցիները ողջունել են վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել քաղաքի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մնացած բոլոր տեխնիկական հարցերը կարգավորել հնարավորինս սեղմ ժամկետում՝ պահպանելով որակական չափանիշները:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը: Նորակառույց շենքում առկա 18 բնակարանները հանձնվել են միայնակ տարեցներին, որոնք մինչև այժմ բնակվում էին տնակներում: Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին իրականացվող ծրագրի և այն շարունակական դարձնելու համար: Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով և շահառուներին շնորհավորել բնակարանամուտի և Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

  • Կիսվել: