Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Նոր տարվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
ՉԺՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։
Չինաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում էլ ասվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնն ավանդականորեն խորհրդանշում է գարնան սկիզբը և բնության զարթոնքը։ Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր նվաճումներ»: