կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե դու արդեն մի թիմի անդամ ես, ո՞նց ես համազգային շահերով առաջնորդվելու. Վարդեւանյանը՝ Վահագն Խաչատուրյանի մասին

Եթե դու արդեն մի թիմի անդամ ես, ո՞նց ես համազգային շահերով առաջնորդվելու. Վարդեւանյանը՝ Վահագն Խաչատուրյանի մասին

Նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները սկսվում են այսօրվանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագահի իրենց թեկնածուի հարցին ասաց «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այս իշխանությունները նույնիսկ հայտարարել են, որ չեն էլ ակնկալում որ իրենց թեկնածուն պետք է երեք չորրորդը ունենա, այսինքն արդեն երկրորդ փուլի մասին են մտածում»,–ասաց նա և նկատեց, որ թեև իշխանությունը հայտարարել էր, որ սպասելու են մինչև Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետը լրանա, այնուհետև նոր քննարկեն թեկնածուի հարցը, սակայն  2-3 օր անց իրենք իսկ խախտում են իրենց ասածը։

«Վահագն Խաչատուրյանը բոլոր դեպքերում քաղաքական թիմի անդամ է, Սահմանադրությունը ասում է, որ նախագահը պետք է առաջնորդվի համազգային, համապետական շահերով»,–ասաց նա և նշեց, որ Վահագն Խաչատուրյանը եղել է նախարար, հետևաբար մտահոգություն հայտնեց, որ սպասարկելու է հենց քաղաքական թիմի շահերը․ «Եթե դու արդեն մի թիմի անդամ ես, ո՞նց ես այդպես առաջնորդվելու»:

«Եթե ՀԱԿ–ից է, դա էլ է խնդիր, նշանակում է, որ կուսակցական պատկանելիություն ունես։ Ճիշտ է, որ  նախագահը լինի անկուսակցական, որոշ չափով ապաքաղաքական անձ։ Արմեն Սարգսյանը իր պաշտոնավորման բոլոր թերություններով հանդերձ՝ այս պահանջներին համապատասխանում էր և ընտրվել էր ¾-ով»–ասաց նա և նշեց, որ այս իշխանությունը ուզում է մեկ ուժի նախագահ, ինչը եղավ մարդու իրավունքների պաշտպանի դեպքում։

  • Կիսվել: