կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը Բաղդադում հանդիպել է Իրաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանը Բաղդադում հանդիպել է Իրաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Իրաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման սկզբում նախագահը նախ նշեց, որ պատմական է գնահատում իր այցը Իրաք, քանի որ առաջին անգամն է, որ Հայաստանից նման բարձրաստիճան պաշտոնյայի այց է լինում Իրաք։

«Այս այցը, ինչպես նաև Իրաքի նախագահի՝ նոյեմբերին Հայաստան կատարած այցը, վկայությունն են այն բանի, որ մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն»,- ասաց նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց Իրաքում հայկական համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքը՝ շեշտելով, որ Իրաքում այդ համայնքի առկայությունը շատ կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջպետական հարաբերություններում։

Նախագահն ասաց, որ իր այցի կարևոր նպատակներից մեկն է Իրաքի հետ առկա կապերը Հայաստանի տնտեսության զարգացման համար օգտագործելը։

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նշելով, որ հարևանների հետ խնդիրները պետք է կարգավորել։ Նախագահն ասաց, որ Հայաստանը գնում է Ադրբեջանի հետ հարաբերությունները բանակցությունների միջոցով կարգավորելու ճանապարհով, որին այլընտրանք չկա՝ հավելելով, որ այս հարցում Հայաստանը գործնական է տրամադրված։

Նախագահը խոսեց նաև Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որպեսզի մեղմի նրանց խնդիրները։

Նա հայտնեց, որ մշակվում է բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում բնակարանով ապահովելու ծրագիր, որը կներկայացվի Կառավարության քննարկմանը։

ՀՀ նախագահը հանդիպման ընթացքում պատասխանեց նաև տարբեր թեմաների վերաբերյալ  ներկաների հարցերին։

  • Կիսվել: