երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խնդրելով իր շնորհավորանքները փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։

«Մեր երկու ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում մենք չենք ունեցել պատմական էջ, որտեղ խնդիրներ են եղել երկու երկրների ժողովուրդների միջև, և սա շատ գնահատելի է։ Գնահատելի է այն առումով, որ մենք անկախությունից հետո լավագույն ավանդույթները շարունակում ենք։ Մեր կառավարությունը, իշխանությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում»,- մասնավորապես ասել է նախագահը։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության և շնորհավորանքի համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ձևավորված սերտ համագործակցությանը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման և նոր ուղղություններով զարգացման կարևորությունը։

Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության ներուժը։ Նշվել է, որ այս ուղղություններում փորձի և գիտելիքի փոխանակումը կարող է հիմք դառնալ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման և նոր տեխնոլոգիական լուծումների զարգացման համար, նկատի ունենալով նաև այն, որ օրեր առաջ Հայաստանում բացվել է Արհեստական բանականության գործարան։

Կողմերը կարևորել են նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացումը՝ ընդգծելով գիտակրթական ծրագրերի, ուսանողների, երիտասարդ մասնագետների և գիտնականների փոխանակման ընդլայնման անհրաժեշտությունը։

Բարձր է գնահատվել միջազգային հարթակներում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նշվել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված գործակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու երկրների շահերի առաջմղման, այնպես էլ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Շեշտվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը, որոնք լրացուցիչ խթան են հաղորդում քաղաքական երկխոսությանը և նպաստում տնտեսական, գործարար, մշակութային ու զբոսաշրջային կապերի ընդլայնմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ COP17-ին։ Նախագահը կարևորել է Եգիպտոսի բարձր մակարդակով մասնակցության ակնկալիքը՝ ընդգծելով, որ համաժողովը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կլիմայական օրակարգի, կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղություններով համագործակցության խորացման համար։

  • Կիսվել: