Ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունները ձգտում են պահպանել Հրայր Թովմասյանի գրած սահմանադրության ոգին․ Արման Եղոյան
Իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«ԵԽԽՎ համազեկուցողներն ասում են.
Մինչ այժմ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակի (նկատի ունեն ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի) հանգուցալուծման իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Եվրոպական չափանիշներին համապատասխան՝ Հանձնաժողովը շեշտել է, որ վաղ կենսաթոշակի անցումը պետք է լինի միայն կամավորության սկզբունքի հիման վրա։ Որպես համազեկուցողներ կհետևենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել նույն ձևով, նույնիսկ եթե այս մեխանիզմի նպատակը՝ պահպանել 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ոգին, թվում է հիմնավոր (valid)»:
Ի՞նչ ենք տեսնում այս կարճ պարբերության մեջ.
նախ, տեսնում ենք պնդում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս իրավիճակի հանգուցալուծմանը միտված բոլոր քայլերը ձեռնարկելիս պահպանել են բոլոր իրավական ընթացակարգերը։ Սա կարևոր է շեշտել և ֆիքսել, եթե հիշենք, թե հակառակը պնդող քանի «վերլուծություն» ու հոդված է գրվել վերջին ամեսներին, և հակառակը պնդող քանի մեգաբայթ բողոք է ուղարկվել եվրոպական տարբեր կառույցներ ամենատարբեր խողովակներով։
Երկրորդ, համազեկուցողները շեշտում են, որ Հայաստանի իշխանությունները ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրումից առաջ հարցրել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և այն ստանալուց հետո խստորեն հետևել են դրան, այն է՝ ՍԴ դատավորների համար նախատեսել են ՄԻԱՅՆ կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմ։ Սա էլ է շատ կարևոր ֆիքսել, եթե հիշենք, թե ինչպես էր կասկածի տակ դրվում այդ մեխանիզմի համապատասխանելիությունը միջազգային, մասնավորապես՝ եվրոպական չափանիշներին։
Բայց ամենակարևորը, ՍԴ գործող նախագահի, նույն ինքը գործող սահմանադրության հեղինակի համար ամենաամոթալի դիտարկումը մեջբերված պարբերության վերջին նախադասության մեջ է։ Համազեկուցողներն ասում են, որ իրենք հետևելու են, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել նույն կերպ (այսինքն պահպանելով իրավական ընթացակարգերը), նույնիսկ եթե այս մեխանիզմի (նկատի ունեն վաղ կենսաթոշակի մեխանիզմի) նպատակը՝ !!! պահպանել 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ոգին, թվում է հիմնավոր։ Անգլերենի գիտակների համար կցում եմ նաև բնագիրը։
"We will closely monitor that the Armenian authorities continue to act in this way, even if the objective of this mechanism, to uphold the spirit of the constitutional amendments of 2015, seems valid"
Այսինքն ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունները ձգտում են պահպանել Հրայր Թովմասյանի գրած սահմանադրության ոգին և այդ ճանապարհին բախվել են Հրայր Թովմասյան անձին և վերջինիս դժկամությանը պահպանել իր իսկ գրած սահմանադրության ոգին։
Ի՞նչ է ստացվում, համազեկուցողներն ասում են՝ հասկանում ենք, որ ՍԴ ներկա նախագահը իր 17֊ամյա պաշտոնավարման նկրտումներով խախտում է իր իսկ գրած սահմանադրության ոգին, բայց խնդրում ենք, այնպես արեք, որ Սահմանադրության ոգին վերականգնելու ճանապարհին չխախտեք դրա տառը։
Ու դեռ այսքանից հետս ՍԴ նախագահը խոսում է մասնագիտական արժանապատվությունից, իրեն հռչակում է Հայաստանում դատական իշխանության ղեկավար, դիրքապահ և քաղհալածյալ՝ երեքը մեկում»,-գրել է նա։