երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ուզում եմ, որ Բաքուն կրկին լսի իմ ուղերձը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյանը՝ Զագրեբում

Ուզում եմ, որ Բաքուն կրկին լսի իմ ուղերձը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյանը՝ Զագրեբում

Արցախյան բանակցությունների ներկայիս փուլն մտահոգություններ է առաջացնում: Այս մասին այսօր Զագրեբում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին ելույթ ունենալիս հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած` անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը:

Ցավոք, մենք ականատես ենք լինում, Ադրբեջանի շարունակական սպառազինմանը, ինչով նա անընդհատ սպառնում է Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքուն կրկին լսի իմ ուղերձը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Անդրադարնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին` պաշտոնաթող նախագահը շեշտեց, թե դրանք այսօր էլ զարգանում են իր ղեկավարության շրջանում Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: «2017-ին Բրյուսելում կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է իրագործվի և բարելավի մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

  • Կիսվել: