«Ուժեղ Հայաստան»-ը Վրույր Այվազյանին առաջադրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ
«Վրույր Գարեգինի Այվազյանին 2018-21 թթ եղել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի խորհրդական, տնտեսական զարգացման պատասխանատու, 2021-26 թթ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուին ներկայացրեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ներկայացնելով Վրույր Այվազյանի կենսագրությունը և հիմնական գործառույթը՝ Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալը կնպաստի խորհրադարանկան վերահսկողության և հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները հետաքրքրվեցին, թե նախընտրական շրջանում ինչ քրեական գործերով է անցել Այվազյանը։
«Կրկին մոնտաժված խոսակցություն է, որը հրապարակել է լիցենզիա չունեցող, օրենքով չգրանցված «ֆեյքնյուզ» և հարց՝ եթե այն իրականություն է, ապա այդ լրատվականին որտեղից այդ օպերատիվ տվյալը և Հակակառուպցիոն կոմիտեն օպերատիվ գործողություններ կատարելով չի ստացել այդ տեղեկությունները, այլ հրապարակել է մոնտաժված ձայնագրություն, որը ենթադրվում է, որ վերաբերում է ինձ»,- ասաց Այվազյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորների հարցին, թե պետաժկի և «Կոկա-Կոլա» բաժանելու ինչ գործով է երկու ամսով եղել կալանքի տակ։
Այվազյանն ասաց, որ եթե անգամ այդ ձայնագրությունը ճիշտ է, ապա իր դեմ գործ չպետք է հարուցվեր, որովհետև ՍԴ-ն օրինական է համարել հանրահավաքների համար մասնակիցներին սնունդ և տրանսպորտային միջոցներ հատկացնելը։



