կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ունենք իրավիճակ, երբ ՍԴ նախագահը զբաղվում է քաղաքական ընդդիմախոսությամբ. Ռուբեն Ռուբինյան

Ունենք իրավիճակ, երբ ՍԴ նախագահը զբաղվում է քաղաքական ընդդիմախոսությամբ. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը կիսում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստությունը՝ Սահմանադրական դատարանի և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն:

«Ես կարծում եմ, որ սա նորմալ չէ: Բացի այդ, ես կարծում եմ՝ սա արդյունքն է այն բանի, որ ՍԴ նախագահը արել է բազմակի քաղաքական հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիր բնույթ: Այսինքն՝ ՍԴ նախագահը, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ», -այսօր ՈԺ-ում կազմակերպված ասուլիսում հայտարարեց Ռուբինյանը:

Նա վկայակոչելով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, ընդգծեց, որ այնտեղ փաստվում է դատական համակարգի նկատմամբ հանրության ցածր վստահության մասին, բացի այդ նշել են, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրինագիծը Վենետիկի հանձնաժողովի հավանությանն է արժանացել:

«Նրանք նաև նշել են, որ դատավորների կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրինագծի նպատակը, այն է՝ 2015 թվականին ընդունված Սահմանադրության ոգին պահպանելը, արդարացված է: Եթե Համազեկուցողների հայտարարությունից այս արձանագրումները միացնենք, կտեսնենք՝ կառավարությունը և Ազգային ժողովը գործել են իրավական ընթացակարգերի պահպանմամբ, կառավարության և ԱԺ-ի նպատակը Սահմանադրության ոգին պահպանելն է և դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության բարձրացումը», ներկայացրեց Ռուբինյանը՝ վստահություն հայտնելով, որ ստեղծված լարվածությունը շուտով կթուլանա և հարցը կլուծվի:

Իշխանական պատգամավորը անդրադարձավ նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահի Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը, որտեղ վերջինը նշել էր, որ վաղ կենսաթոշակի անցնելը պետք է լինի կամավոր, և դատավորները պետք է զերծ լինեն քաղաքական կամ անձնական ճնշումներից:

«Ես սա կարևոր եմ համարում, քանի որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բուքիքիոյի հայտարարությունից առաջ ասել էր, որ տարբե շրջանակներ տարատեսակ ճնշումների են դիմում, որ այն դատավորներին, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակից, հետ պահեն այդ մտքից: Եվ դրանից մի քանի օր հետո պարոն Բուքիքիոն հայտարարում է, որ չպետք է լինեն ճնշումներ դատավորների նկատմամբ», նշեց Ռուբինյանը:

Հարցին, թե իշխանությունն արդյոք ճնշում չի՞ գործադրում ՍԴ դատավորների նկատմամբ, Ռուբինյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով.

«Ես իշխանության կողմից ճնշման որևէ փորձ չգիտեմ, եթե դուք գիտեք, ասեք: Մենք ունենք իրավիճակ, երբ ՍԴ նախագահը անում է քաղաքական հայտարարություններ, զբաղվում է քաղաքական ընդդիմախոսությամբ իշխանության այլ ճյուղերի նկատմամբ: Ըստ էության, խաթարված է գործող սահմանադրության ոգին»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ կա՞ օրինակ, երբ ՍԴ նախագահը քաղաքական հայտարարություն է անում, ի պատասխան իշխանական պատգամավորը նշեց.

«Իհարկե, կբերեմ: Ահա ձեզ օրինակ՝ ՍԴ նախագահը հայտարարում է, որ ինքը խրամատ պահող է, ում դեմ է այդ խրամատը, ովքեր են դիմացի խրամատում: Ես կարող եմ նման շատ օրինակներ նշել»:

  • Կիսվել: