հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը վստահ է՝ «Թրամփի երթուղին» կխթանի Միջին միջանցքի հաջողությունը

Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը վստահ է՝ «Թրամփի երթուղին» կխթանի Միջին միջանցքի հաջողությունը

«Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի Միջին միջանցքի նախաձեռնության հաջողությանը։ Այս մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի միջանցքի տեսլականը ներառում է Զանգեզուրում 43 կիլոմետրանոց ճանապարհի բացումը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կկառավարվի ԱՄՆ-ի կողմից:

Այս ճանապարհը կկազմի Կենտրոնական Ասիայից Ադրբեջան, ապա՝ Թուրքիայով դեպի համաշխարհային շուկաներ տանող խոշոր առևտրային ուղու մի մասը: Մենք այս միջանցքն անվանում ենք Միջին միջանցք: Այն գտնվում է Արևելք-Արևմուտք առանցքի վրա՝ Հյուսիսային և Հարավային տրանսպորտային միջանցքների միջև, և առաջարկում է նշանակալի ռազմավարական առավելություններ երկու այլընտրանքային երթուղիների համեմատ։

Տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև «Թրամփի երթուղու» իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդեն Միջին միջանցքի նախաձեռնության հաջողությանը»:

Նշվում է նաև, որ Օմուրալիևն ընդգծել է Միացյալ Նահանգների հատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում և ողջունել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրված համատեղ հայտարարությունը, ինչպես նաև Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։

«Այս կարևոր քայլը ցույց է տալիս կողմերի վճռականությունը՝ թողնել հակամարտության ժառանգությունը և կառուցել համագործակցության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա։ Մենք այս զարգացումը համարում ենք պատմական շրջադարձային կետ ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և դրանից դուրս, որը հարթում է  կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման ճանապարհը»,-ասել է նա:

  • Կիսվել: