շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ. Փաշինյան

Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ. Փաշինյան

Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Այս մասին հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է. ՛՛Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը՛՛։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն ուղղված է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի ամբողջական բացմանը:

՛՛Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Մենք իրապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա։

Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումներն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ՛՛,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: