ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրք-ադրբեջանական գործողություններն ուղղված են Հայաստանը «Հյուսիս-Հարավ» նախագծից դուրս մղելուն. Ղազինյան

Թուրք-ադրբեջանական գործողություններն ուղղված են Հայաստանը «Հյուսիս-Հարավ» նախագծից դուրս մղելուն. Ղազինյան

Թուրք-ադրբեջանական գործողություններն ուղղված են Հայաստանին ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ նախագծից դուրս մղելուն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Երբ մենք խոսում ենք հաղորդակցությունների մասին, մենք պետք է հասկանանք, թե պատրաստ է արդյոք Վրաստանը միանալ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին այն երթուղով, որը մենք ենք ուզում: Արդյոք մենք հնարավորություն կունենա՞նք դեպի Աջարիա, դեպի Փոթի ճանապարհ կառուցել՝ հաշվի առնելով, որ Թուրքիան այնտեղ լուրջ ազդեցություն ունի, թե՞ Վրաստանը կնախընտրի աշխատել Բաքվից եկող երթուղու վրա: Այլ հարց է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները: Եթե նայեք քարտեզին, դրանք կապված են երկու ռազմավարական ճանապարհների՝ Տիգրանաշենի հետ, որը Երեւանը կապում է Մեղրիի հետ, եւ, այսպես կոչված, ՛՛տավուշյան անկլավների՛՛ հետ, որոնք Հայաստանը կապում են Վրաստանի հետ՛՛:

Ղազինյանը նաեւ նշեց, որ  այս ամենն ունի հեռահար նպատակներ՝ հաշվի առնելով, որ այս նախագծի մասնակից դառնալու համար կատաղի պայքար է ընթանում:

Նա հավելեց. ՛՛Թուրք-ադրբեջանական գործողություններն ուղղված են Հայաստանի սուբյեկտիվությանը վնաս հասցնելուն եւ նրան, որպես պայմանավորվող կողմի, համաշխարհային մեգանախագծերից դուրս բերելուն:

Հետեւաբար, անհրաժեշտ է դրան պատշաճ ուշադրություն դարձնել, հակառակ դեպքում կարող է շատ ուշ լինել, եւ այդ ժամանակ արդեն մեզ հետ ոչ ոք չի ցանկանա բանակցել, իսկ ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ նախագիծը կանցնի ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանով՛՛:

  • Կիսվել: