TRIPP-ը կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս. Փաշինյան
Պարզ է, որ TRIPP նախագծով Հայաստանը անխուսափելիորեն ինտեգրվելու է բոլոր ռեգիոնալ ծրագրերին, ընդ որում՝ այդ ծրագրերը մրցակից չեն, և TRIPP-ն էլ կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ եմ համարում, որ մրցակից չեն. որովհետև հոսքերն իրականում այնքան մեծ են, որ առանձին վերցրած՝ մի ուղիով հնարավոր չէ այդ հոսքերը սպասարկել: Այս հոսքերի համար հենց Հարավային Կովկասում մի քանի ուղիներ են պետք:
Ի դեպ, ժամանակն է, որ մենք՝ Հարավային Կովկասի երկրներս, մտածենք Հարավային Կովկասի մասին՝ որպես մեկ ընդհանուր ռեգիոնի, որտեղ շատ ընդհանուր շահեր կան, իհարկե, բազմաթիվ նրբություններով: Պարզ է, որ ամեն երկիր իր սպեցիֆիկ շահերն ու սպեցիֆիկ տեսլականն ունի, բայց կարծում եմ, որ Հարավային Կովկասի երկրների շահերի շատ ընդհանուր կշռով են կապված, և մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,- ասաց նա:


