TRIPP-ը գործարք է ԱՄՆ-ի և Ալիևի միջև՝ Իսրայելի օգնությամբ. Զուրաբյան
Հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված չէ, քանի որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել իր ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ դնելուց։ Այս մասին այսօր նախագահական նստավայրի առջև գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Ադրբեջանը շարունակում է պահանջել 300 000 ադրբեջանցիների վերադարձ, շարունակում է պահանջել անկլավների վերադարձ, շարունակում է հակահայկական հիստերիան, ընդհանրապես՝ պետություն է կառուցված, որի հիմքում հակահայկականությունն է. ու դա շարունակվում է. սա խաղաղությո՞ւն է։ Ստացվում է, որ մի կողմը շարունակում է խոսել խաղաղության օրակարգի սպասարկման մասին, իսկ մյուս կողմը շարունակում է հակառակորդին հարիր ճնշումները»։
Ըստ Զուրաբյանի՝ ԹՐԻՓՓ-ը գործարք է ԱՄՆ-ի և Ալիևի միջև՝ Իսրայելի օգնությամբ: Նա նշեց. «Դրա իմաստն է մեկուսացնել Իրանը և Ռուսաստանը Հարավային Կովկասից, և Ադրբեջանի միջոցով իրականացնել ելք դեպի Միջին Ասիա։ Մենք հասկանում ենք՝ որևէ նորմալ քաղաքական ուժ, գալով իշխանության, չի կարող հրաժարվել միջազգայնորեն ստանձնած պարտականություններից։ Սակայն մենք համարում ենք, որ սա աշխարհաքաղաքական առումով բալանսավորված փաստաթուղթ չէ, չի ապահովում ՀՀ-ի ազատությունը Ադրբեջանից կախվածությունից»:


