«Թրամփի ուղին» չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում. Զախարովա
«Թրամփի ուղին» չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Մոսկվայի համար սկզբունքային նշանակություն ունի, որ նախագծի իրականացման ընթացքում հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը։ Հակառակ դեպքում, ըստ Զախարովայի, տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման։
Խոսելով հայ-ամերիկյան նախաձեռնության մասին՝ Զախարովան ասել է, որ դրա վերաբերյալ առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Նրա խոսքով՝ դեռևս հրապարակված չեն նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պայմաններն ու ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները։



