ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Տրամաբանական չի լինի, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, և ՀՀ քաղաքացիները լինեն գերեվարության մեջ. Խանդանյան

Տրամաբանական չի լինի, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, և ՀՀ քաղաքացիները լինեն գերեվարության մեջ. Խանդանյան

Կա շարունակական դիվանագիտական աշխատանք գերիների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Այդ աշխատանքը շարունակվում է, դա ամենօրյա աշխատանք է թե Հայաստանի կառավարության և թե մեր խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից: Բայց նաև պիտի շեշտեմ, որ խաղաղության գործընթացը ևս ինքնին շատ կարևոր պրոցես է այդ հարցի լուծման համար: Դիրքորոշում այն է, որ գերիները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն, և այդ դատական դատական գործերը, այդ պրոցեսները դադարեցվեն, որովհետև դրանք անընդունելի են և մարդու և մարդասիրական իրավունքի որևէ նորմին չեն համապատասխանում»,-ասաց նա:

Խանդանյանը նկատեց, որ տրամաբանական չի լինի, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ՀՀ քաղաքացիները լինեն գերեվարության մեջ Ադրբեջանում: Այսինքն սա տրամաբանության հարց է, խաղաղության տրամաբանությունն այդպիսին է, բայց իհարկե, մեր ակնկալիքն այն է, որ որքան հնարավոր է շուտ ազատ արձակվեն գերիները, որովհետև դա հումանիտար հարց է ու քաղաքական դիվանագիտական բանակցություններում  որպես նախապայման դրա ներառումը ես կարծում եմ՝ ընդունելի չէ:

  • Կիսվել: