երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տնտեսական աճի ցուցանիշը ներկայացված է առանց գնաճի էֆեկտի. Թունյան

Տնտեսական աճի ցուցանիշը ներկայացված է առանց գնաճի էֆեկտի. Թունյան

Թե՛ 2020 թվականի համար բյուջեով ֆիքսված 7% տնտեսական աճի, թե՛ կառավարության 2021-2026թթ. ծրագրում նշված 7-9% տնտեսական աճի դեպքում խոսքն իրական տնտեսական աճի ցուցանիշի մասին է: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում։
 
«Այսինքն՝ ՀՆԱ-ի դեֆլյատորով ճշգրտված տնտեսական աճի մասին, առանց գնաճի էֆեկտի:
 
Միշտ է այդպես եղել. թե նախկինում, թե հիմա, թե ապագայում «տնտեսական աճ» ասելիս խոսքը իրական աճի մասին է:
 
Ինչո՞ւ: Օրինակով պարզաբանեմ: Եթե դեմ չեք, 3-րդ դասարանի թվաբանությամբ ձեզ մի քիչ ծանրաբեռնեմ:
Եվ այսպես, Ֆերմերն աճեցնում է կարտոֆիլ և լոլիկ: Նախանցած տարի նա աճեցրել է 500 կգ կարտոֆիլ, վաճառել կգ-ը 200 դրամով, և 400 կգ լոլիկ՝ կգ-ը 300 դրամով:
 
Հասույթը կազմել է 220 հազար դրամ:
 
Անցած տարի աճեցրել է 520 կգ կարտոֆիլ, 390 կգ լոլիկ: Սակայն գներն աճել են. կարտոֆիլը վաճառել է 250 դրամով, լոլիկը՝ 330 դրամով:
 
Հասույթը կազմել է 258.7 հազար դրամ:
 
Անվանական առումով ֆերմերի տնտեսությունն աճել է 38.7 հազար դրամով կամ 17.6%-ով:
Եթե մենք չիմանայինք կարտոֆիլի ու լոլիկի ծավալների և գների փոփոխության մասին, և հիմնվեինք միայն այս 17.6%-ի վրա, մեր պատկերացումը ֆերմերի տնտեսության իրական վիճակի մասին լիարժեք չէր լինի: Կմտածեինք՝ գործ ունենք սրընթաց աճի հետ:
 
Լիարժեք հասկանալու համար պետք է համադրելի գներ կիրառենք: Հաշվենք՝ որքան կլիներ ֆերմերի հասույթը, եթե նա կարտոֆիլն ու լոլիկը վաճառած լիներ անցած տարվա գներով: Կամ, պայմանական ասած, հասույթը ճշգրտենք «դեֆլյատորով»:
 
Կստացվի՝ 221 հազար դրամ (520կգ x 200դր + 390կգ x 300դր):
 
Իրական աճն էլ կստացվի ընդամենը հազար դրամ կամ 0.4%:
 
Եվ կհասկանայինք, որ ֆերմերի տնտեսությունն աճել է ոչ թե 17.6%-ով, այլ կարելի է ասել, չի աճել:
Ահա ճիշտ նույն տրամաբանությամբ, Վիճակագրական կոմիտեն ճշգրտում է մեր ՀՆԱ-ի աճը ամբողջ տնտեսության համար՝ հաշվի առնելով բոլոր ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունը, և «մաքրելով» գնաճի էֆեկտը՝ հրապարակում իրական տնտեսական աճի ցուցանիշը: Նույնը անում է առանձին ոլորտների աճերի դեպքում:
 
Այլապես մենք չէինք կարողանա հասկանալ՝ տնտեսությո՞ւնն է իրոք աճել, թե՞ գները: Դրա համար է կարևոր իրական աճի ցուցանիշի հրապարակումը, անկախ նրանից՝ այն լավն է, թե վատը:
 
Իսկ տնտեսական քաղաքականության նպատակը իրական աճն է, հավելյալ արժեք ստեղծելն ու դրա արդյունքում մարդկանց բարեկեցությունը ավելացնելը»,-նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: