շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե 2022-ի սկզբին թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ապա փաստացի ունենք 12.6 տոկոս տնտեսական աճ․ ՀՀ ֆինանսների նախարար

Եթե 2022-ի սկզբին թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ապա փաստացի ունենք 12.6 տոկոս տնտեսական աճ․ ՀՀ ֆինանսների նախարար

2022թ–ի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակը հասել է 1 մլն 666 հազարի, որից 790 հազարը` ՌԴ–ից։ Այս մասին այսօր ԱԺ-ում, 2022թ–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դրամական փոխանցումները 2022–ին աճել են 2.9 անգամ, ինչը, նախարարի խոսքով, պայմանավորված է ՌԴ–ից փոխանցումների 6.8 անգամ ավելացումով։

«Արդյունքում` եթե մենք տարվա սկզբին թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ, այնուհետև բյուջեն պլանավորելիս կանխատեսում էինք 11 տոկոս տնտեսական աճ, ապա փաստացի ունենք 12.6 տոկոս տնտեսական աճ, որը բացարձակ թվով կազմում է 8 տրլն 497 մլրդ դրամ»,– ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ տնտեսական աճին նպաստած հիմնական ճյուղը ծառայությունների ոլորտն է, որտեղ տարեկան աճը կազմել է 28.2 տոկոս։

9.3 տոկոսով տնտեսական աճին նպաստել է շինարարության ոլորտում գրանցված աճը, 8.5 տոկոսով` մշակող արդյունաբերության։

Վահե Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ 2022–ին ապրանքների արտահանումն աճել է 68.5 տոկոսով, ներմուծումը` 58.3։ Ծառայությունների արտահանումն աճել է 140 տոկոսով, ներմուծումը` 90։ Օտարերկրյա ուղղակի ներդրումներն անցյալ տարի ավելացել են 2.7 անգամ` կազմելով 5.1տոկոս։

  • Կիսվել: