հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՏԻՄ ընտրությունների արդյունքները պետք է վերլուծել, հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ կան կամ կային, թե չկային․ Գնել Սանոսյան

ՏԻՄ ընտրությունների արդյունքները պետք է վերլուծել, հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ կան կամ կային, թե չկային․ Գնել Սանոսյան

Թիմում տարբեր քննարկումներ ունեցել ենք, դեռ կունենանք։ ՏԻՄ ընտրությունների արդյունքները պետք է վերլուծել, հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ կան կամ կային, թե չկային։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Նա վստահեցրեց, որ իրենց՝ որպես իշխանություն, հաջողվել է ընտրությունները պատշաճ, արդար և թափանցիկ իրականացնել։

«Նաև դրա արդյունքում է, որ մի շարք քաղաքական ուժեր հնարավորություն ունեն ներկայանալու մեր տարբեր բնակավայրերում՝ իրենց ավագանու կազմով»,- ասաց Սանոսյանը։

ՏԿԵ նախարարը պատասխանեց նաև հարցին, թե ի՞նչ ցույց տվեցին իշխանություններին ա՛յս ընտրությունների արդյունքները, եթե խորհրդարանական ընտրություններից հետո նրանք պնդում էին, որ սյունեցիներն իրենց կողքին են կանգնած։

«Ուզում եմ շեշտել, որ համապետական և ՏԻՄ ընտրությունները բնույթով տարբերվում են։ Այս ընտրություններն էլ դրա մասին են խոսում, այնպես որ, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է որոշակի հետևություններ անի, այդ թվում՝ նաև մենք և շարժվենք առաջ»,- ասաց Սանոսյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք «բավականին հանգիստ ու հարգանքով են վերաբերվում» քաղաքացիների կատարած ընտրությանը, իսկ հետևությունները կանեն քննարկումների արդյունքում։

Մասնավորապես, Գյումրիում իշխանության պարտությունը Սանոսյանը պայմանավորեց ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցությամբ։

«Ես Գյումրիում եղած արդյունքն ավելի շատ կապում եմ շատ ցածր մասնակցության հետ ինչը, կարծես, սպասելի չէր և զարմանալի էր ։ Արդյունքների նման ելքը կապում եմ այդ իրավիճակի հետ», -ասաց նա։

  • Կիսվել: