Տիգրանաշենը հանձնելով Փաշինյանը Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան
Տիգրանաշենը հանձնելով Փաշինյանը Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մեզ շատ են հարցնում, թե ինչպես ենք տեսնում, ի՞նչ ձևով են ադրբեջանցիները ցանկանալու գալ այստեղ, հիմա մենք Տիգրանաշենում ենք, մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետը այս գյուղի անունը դրեց Քյարքի, ու ասաց, որ հին անունը Քյարքի է, Ադրբեջանի տարածք է։ Հիմա, եթե իրենց տրամաբանությամբ դա Ադրբեջանի տարածք է, ապա երբ ինքը սա հանձնեց ադրբեջանցուն, այստեղ գալու են, վերաբնակվելու են, վերակառուցելու են այս գյուղը իրենց պետական նավթային դոլարներով, վերաբնակեցվելու են հազարավոր ադրբեջանցիներ։
Այդքանից հետո էլ պոզով–պոչո՞վ է լինում ադրբեջանցիների Հայաստան գալը, Երևանից 40 րոպեյվա ճանապարհ է, Երևան-Սյունիք ճանապարհի մեջտեղն է։ Ադրբեջանցիների գալը էլ պոզով-պոչով չէ, առաջին փորձը սա է, եթե թույլ ենք տալիս, որ Տիգրանաշենը հանձնի, հազարներով կգան Հայաստան, այն դեպքում, երբ Հայաստանի տարածքային քարտեզով և օրենքներով Տիգրանաշեն համայնքը Հայաստանի Հանրապետություն է»,– նշել է Կարապետյանը։



