շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

Հունվարի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը Բելգիայի Ներկայացուցիչների պալատում մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը, որը հաջորդում է 2020թ․ դեկտեմբերին Պալատի կողմից ընդունված բանաձևին, որով Բելգիայում սահմանվել է պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների հիշատակի ազգային օր:
 
Միջոցառմանը ելույթ են ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Դը Ռուվերը և 2020թ․ բանաձևի հեղինակ Միշել Դը Մաղդը, ներկա է եղել նաև փոխվարչապետ, արդարադատության և Հյուսիսային ծովի նախարար Փոլ Վան Թիխելտը: Բանախոսներն ընդգծել են հիշողության, զգոնության և գլոբալ համագործակցության կարևորությունը ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում:
 
Լրագրողները և ցեղասպանագետները ելույթ են ունեցել «Ինչպես կոտրել բռնության ցիկլը» և «Ցեղասպանության առջև զգոն լինելու պարտականությունը. ճանաչելով նախազգուշացնող նշանները» թեմաների շուրջ։
 
Միջոցառումը կարևորել է ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, անպատժելիության դեմ պայքարի և ապագա ոճրագործությունները կանխելու միջազգային ջանքերն ամրապնդելու շարունակական հանձնառությունը:

  • Կիսվել: