շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում Երևան. Սաղաթելյան

Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում Երևան. Սաղաթելյան

Այսօր Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցների վրա ԱԺ մուտքերն արգելափակելուց հետո ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց, որ փողոցը պահելու համար կստեղծեն համապատասխան պայմաններ՝ խարույկ, ջուր, վրաններ եւ այլն:

Սաղաթելյանը նշեց. ՛՛Եկեք պայմանավորվենք, որ բոլոր այն պետական ինստիտուտները, որոնք կատարում են հակասահմանադրական գործողություններ, պետք է արգելափակվեն։

Քաղաքական մեծամասնությունը գերի է ընկել այդ խելագարի ձեռքը, մեր գործողություններով մենք օգնում ենք, որ նրանք ազատվեն նրա գերությունից։ Նիկոլ, գրի՛ր հրաժարականդ եւ հեռացիր, այլ տարբերակ դու չունես։

Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք։ Ուզում եմ դիմել ոսիկաններին․ տղե՛րք, մի արեք այդ բանը, այս բանակը միայն մերը չէ, այս պետությունը միայն մերը չէ, նաեւ ձե՛րն է։ Մի՛ ենթարկվեք այդ խելագարի ապօրինի հրամաններին։ Դուք այդ իրավունքն ունեք։ Այդ մարդու գործունեության հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքը, 5 հազար զոհ ենք տվել, ձեր ընկերները գերության մեջ են, այդ մարդը շարունակում է հանձնել մեր հայրենիքը, դուք պետք է չենթարկվեք այդ խելագարին, կանգնեք բանակի կողքին, պետության կողքին՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի ապագայի, հանուն ձեր ու մեր երեխաների, հանուն մեր ժողովրդի՛՛։

Նրա խոսքով՝ սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա հայրենիքի փրկության համար պայքար է:

Ինչպես Սաղաթելյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ թույլ չեն տալու, որ խորհրդարանը շարունակի գործունեությունը, քանի որ իշխող մեծամասնության գործունեությունը հակազգային է, հակապետական է եւ հակասահմանադրական։

՛՛Հանրապետության նախագահի գիտությամբ եւ մասնակցությամբ հերթական անգամ տապալվել է սահմանադական կարգը։ Եթե որեւէ ինստիտուտ մեր երկրում չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու այն, եւ դա մեր բնական իրավունքն է:

Փաշինյանը բլեֆ է անում, երբ խոսում է արտահերթ ընտրություններից, նա ուզում է հուշագիր ստորագրել ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ չի վստահում իր խմբակցությանը, քանի որ վախենում է, որ մեկ ուրիշի առաջադրվելու դեպքում՝ նա կընտրվի։ Չեմ կարծում, որ Ծառուկյանը հուշագիր կստորագրի։ Նիկոլը թող գա եւ հրաժարական ներկայացնի, այդ դեպքում մենք ճանապարհը կբացենք։ Ես խոսել եմ մայրաքաղաքի ոստիկանապետի հետ, հորդորել եմ սադրանքի չդիմել՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: