Ճիշտ չէր լինի, որ Հայաստանը հրաժարվեր միջազգային գործընկերներին Երևանում հյուրընկալելուց զուտ այն պատճառով, որ նաև Ադրբեջանից պատգամավորներ պետք է մասնակցեին նիստին. Մարիա Կարապետյան
Երբ, ես մեկնում եմ գործուղումների՝ այլ խորհրդարանական վերhաժողովների, ես հանդիպում եմ բոլոր երկրների պատվիրակների և պատգամավորների հետ, եթե ֆորմատն այդպիսին է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնչում է տեսակետ, որ Հայաստանը Ադրբեջանից ժամանած պատվիրակներին չպետք է ընդուներ, կամ կարող էր ընդունել միայն այն դեպքում, երբ վերջիններս ներողություն խնդրեին:
«Ես կարծում եմ, որ անազնիվ և անարժանապատիվ մոտեցում է, որպեսզի ես որպես ՀՀ կառավարող ուժի պատգամավոր, պատասխանատվություն կրող անձ՝ թաքնվեմ 18 տարեկան զինվորի հետևում և առաջարկեմ, որ նա խնդիրը լուծի, նա մեր անվտանգության շուրջ որևէ գործողություն կատարի: Ես որպես քաղաքական գործիչ իմ սեփական անելիքն ունեմ , սեփական անելիք՝ նաև նշանակում է նման խորհրդարանական վեհաժողովներին մասնակցություն: Այսինքն, այստեղ հավելյալ զգայունությունը կայանում է նրանում, որ Երևանն է հյուրընկալել վեհաժողովը և ես կարծում եմ, որ ճիշտ չէր լինի, որ Հայաստանը հրաժարվեր այն հնարավորությունից, որըկարող էր իր միջազգային գործընկերներին հյուրընկալել Երևանում, զուտ այն պատճառվ, որ նաև Ադրբեջանից պատգամավորներ պետք է մասնակցեին այս նիստին: Նաև հիշենք, որ հետսովետական անկախության ողջ ընթացքում Հայաստանի ղեկավարները բանակցել են, նույն սեղանի շուրջ են նստել՝ հակամարտության շուրջ խոսելու համար, ընդ որում ՝ նաև առաջին պատերազմից հետո: Իհարկե, փաստարկներ են բերվում, որ պատերազմի ելքն է կանխորոշում, թե որքանով ես պատրաստակամ երկխոսել, բայց ես այդ դիրքորոշումը չեմ կիսում: Ես կարծում եմ, որ հանուն խաղաղության և հանուն մեր քաղաքացիների կյանքի իրավունքի, անվտանգության բարեկեցության՝ ես այդ քայլերին պետք է գնամ ու օգտագործեմ երկխոսելու բոլոր,այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր գործընկերներին մեր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունները»:
Նա տեղեկացրեց, որ երեկ ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի պատգամավորների հանդիպմանը, որի ընթացքում թե գերիների, թե բոլոր պահվող անձանց հարցը շոշափվել ու բարձրացվել են: Խոսվել է նար պատմամշակութային ժառանության շուրջ առկա հարցերի մասին:
«Հնարավոր չէ պատկերացնել, որ գերիների և բոլոր պահվող անձանց վերադարձի հարցը որևէ հանդիպման ժամանակ չբարձրացվի և վերահաստատում եմ , որ այդ հարցերը, ինչպես նաև հումանիտար կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի հարցը, ինչպես նաև բոլոր այն տարածքներ մուտքի հարցը, որտեղ կա պատմամշակութային ժառանգություն, որոնք անհրաժեշտ է պահպանել և գնահատել, թե ինչ է կատարվել մինչ այժմ ու նաև երաշխիքներ ստանալ ապագայի համար»:


