երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
«Սահմանադրության տեքստը դեռ չեն տեսել, ինչի՞ն են դեմ. կարողա հանճարեղ բաներ են գրած». Ռուբինյան

«Սահմանադրության տեքստը դեռ չեն տեսել, ինչի՞ն են դեմ. կարողա հանճարեղ բաներ են գրած». Ռուբինյան

Ընդդիմությունը նույնիսկ չի տեսել սահմանադրությունը, իրենք ի՞նչ գիտեն՝ քվեարկելու են, թե՞ չեն քվեարկելու դրա օգտին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի ընդդիմությանը համոզել կողմ քվեարկել նոր սահմանադրությանը, չի բացառվում, որ գնան արտահերթ ընտրությունների։

Դիտարկմանը, որ ընդդիմադիրները պնդում են, որ Սահմանադրությունը Ալիևի պահանջով է փոխվում, Ռուբինյանն ասաց. «Բայց իրենք վստահաբար ասում էին, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, հիմա Սամվել Կարապետյանը վարչապե՞տ է։ Իրենք վստահաբար ասում էին, որ 300000 ադրբեջանցի է գալու, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթի, ձեր մեջ քանի՞ ադրբեջանցի կա այստեղ կանգնած այդ 300 հազարից, և այսպես շարունակ»։

Հարցին՝ ինչպե՞ս եք համոզելու ընդդիմությանը, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց ես տարօրինակ եմ համարում, երբ մեկը ինչ-որ տեքստ չի տեսել ու ասում է՝ ես դեմ եմ դրան։ Դա հակաքաղաքագիտական է։ Կարող է այդ տեքստում հանճարեղ բաներ են գրած։

Ես հիմա վաղաժամ եմ համարում հավանականությունը գնահատելը, որովհետև նույնիսկ տեքստը չի հրապարակվել, թող տեքստը հրապարակվի, կարծիքները տեսնենք, տեսնենք, թե ինչու են դեմ կամ ինչու են կողմ, ինչին են դեմ, ինչին են կողմ, տեսնենք՝ ինչ առաջարկներ կան, կքննարկենք, կհասկանանք։

Մենք կարծում ենք, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի այն աշխարհընկալումը և այն իրողությունները որը մեր ժողովուրդը այս պահին ունի։ Հիմա այս պահին մեր ժողովուրդը ունի հետևյալ աշխարհընկալումը և ընկալումը, ինչը փաստված է ընտրություններով, Ժողովուրդը համաձայն է, որ Հայաստանի Հանրապետությունը մի պետություն է, որը պետք է պարփակված լինի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, չունենա տարածքային պահանջներ ոչ մեկից, ապրի խաղաղ համագոյակցության մեջ իր բոլոր հարևանների հետ։ Հետևաբար, նոր սահմանադրությունը պիտի լինի այս համատեքստում։

Եթե մեր ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ չպիտի լինի այս համատեքստում, և հետևաբար կարծում են, որ պետք է հռչակագիրը մեջբերվի կամ հղում լինի, որովհետև իրենք կարծում են, որ հռչակագիրը այս համատեքստն է արտահայտում, թող ուղիղ ասեն դրա մասին և բանավեճ կունենանք։

Հռչակագիր կա, հնարավոր չէ այն վերացնել, բայց հղում նոր սահմանադրության մեջ չի լինելու»։

  • Կիսվել: