երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ճգնաժամը հաղթահարելու հարցում պատրաստ ենք աջակցել ԼՂ իշխանություններն․ Փաշինյան

Ճգնաժամը հաղթահարելու հարցում պատրաստ ենք աջակցել ԼՂ իշխանություններն․ Փաշինյան

Այո, մենք կարող ենք ասել, որ ՌԴ-ն այս պիտի անի, ԱՄՆ-ն այս պիտի անի, ԵՄ-ն այս պիտի անի, Ադրբեջանն այս պիտի անի, բայց մենք պետք է ձեւակերպենք նաեւ, իսկ ԼՂ ղեկավարությունն ինչ պետք է անի. Այդ ճգնաժամը հաղթահարելու հարցում արդյոք ԼՂ իշխանություններն ունեն որեւէ անելիք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում, հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք եւ մենք պատրաստ ենք աջակցել դա անելու ուղղությամբ: Այո, մենք ակնկալում ենք, որ այդ երկրները ինչ-որ խնդիրներ կլուծեն ԼՂ-ում, բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, իր այս ասուլիսի ուղերձն այն է, որ մեր այդ բանաձեւերով ոչ մի հարց չենք լուծելու. «Առնվազն այդ բանաձեւերից անդին է պետք մտածել՝ հասկանալով, որ դա չի երաշխավորում, որ մեր հարցերը կլուծենք:

Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է ու մտածում՝ բա Ղարաբաղի կամ Հայաստանի հարցը ոնց լուծենք:  Դա մեր խնդիրն է եւ մենք պետք է գտնենք լուծման ձեւերը: Դա չի նշանակում, որ օրինակ, ՌԴ-ին պետք չի այդ լուծումը: ՌԴ-ում կան խնդիրներ, դրան գումարած, սա խնդիր է Ռուսաստանի համար; Եվ ռեպուտացիոն խնդիր է, եւ քաղաքական, եւ աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում է եւ մեծ հաշվով այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետեւ երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, երբ ասում ենք մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, դա մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին իր առաքելության վստահելիության եւ իրագործելիության առումով: Նույնկերպ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը եւս խնդիր է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ինքը Արցախի նախագահի հետ գործնականում ամենօրյա շփումների մեջ է:

 

 

  • Կիսվել: