Ճապոնիան դադարեցնում է լյուքս դասի մեքենաների, մոտոցիկլետների և խմիչքների արտահանումը Ռուսաստան
Ճապոնիան ապրիլի 5-ից արգելում է շքեղության իրերի, այդ թվում ՝ պրեմիում դասի մեքենաների, թանկարժեք քարերի և ոսկերչական զարդերի արտահանումը Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան։
Երկիրը շարունակում է սերտ համագործակցությունը միջազգային հանրության հետ հակառուսական պատժամիջոցների հարցով, նշել է ճապոնացի նախարարը։
Գերատեսչության կազմած ցուցակում ներառված է ընդհանուր առմամբ ավելի քան 20 ապրանք՝ ալկոհոլային, ծխախոտային արտադրանքներ, օծանելիք, կոսմետիկա, կաշվե և մորթե ապրանքներ, հագուստ, կոշիկ, գլխարկներ, գորգեր, ոսկերչական և կերամիկական իրեր, սպասք, դայվինգի համար նախատեսված իրեր, ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ, նորբուքեր, ժամացույցներ, դաշնամուրներ, նկարներ, հնաոճ իրեր։
2021 թվականին դեպի Ռուսաստան ճապոնական արտահանման ծավալը կազմել է 862,4 մլրդ իեն ($6,9 մլրդ)։ Այդ ցուցանիշի կեսից ավելին բաժին է ընկել մեքենաներին և ավտոպահեստամասերին։
Ավելի վաղ Ճապոնիան ՌԴ-ի դեմ սահմանափակումների մի քանի փաթեթ էր ընդունել։ Անհատական պատժամիջոցների տակ է հայտնվել ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երկրի ղեկավարության ներկայացուցիչներ, գործարարներ։


