շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող խախտումների վիճարկման համար առաջարկվում է գրավոր ընթացակարգ սահմանել

Ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող խախտումների վիճարկման համար առաջարկվում է գրավոր ընթացակարգ սահմանել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:

 

Նախարարը նշեց, որ նախագծով նախատեսվում է գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար, հիմնականում դրանք ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկմանն են վերաբերում:

«Այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, մեր կարծիքով՝ բանավոր քննության անհրաժեշտություն չկա, և կարող ենք սահմանափակվել գրավոր ընթացակարգով: ԲԴԽ-ի հաղորդման համաձայն՝ վերջին տարիներին վիճարկման հայցերը շուրջ 566 տոկոսով ավելացել են, եթե 2018-20 թթ. վիճակագրությունը նայենք, այն գործերը, որոնցով գրավոր ընթացակարգ ենք ներդնում, կազմում են ընդհանուր գործերի 80 տոկոսն ու ավելին: Մասնավորապես՝ 2019-ին 7165 դատական ակտ է կայացվել վիճարկման հայցերով, և 5755 դատական ակտը վերաբերել է այն հոդվածներին, որոնց մասով առաջարկում ենք գրավոր ընթացակարգ ներդնել»,- նշեց Բադասյանը:

 

2020 թվականին 4957 դատական ակտ է կայացվել վիճարկման հայցերով, որից 3247-ը կրկին նույն հոդվածներով են:

«Հետևաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթն ու իրավախախտումներով գործի քննության համեմատաբար պարզ լինելը՝ նպատակահարմար ենք համարել նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ՝ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ հնարավորություն ընձեռել այդ ակտերի վերանայումը Վերաքննիչ դատարանում նույնպես իրականացնել գրավոր ընթացակարգով»,- նշեց Բադասյանը՝ ներկայացնելով վիճակագրությունը, որ Վերաքննիչ դատարանում 2019-ին 5755 ակտից բողոքարկվել են 2084-ը, որից 729-ը՝ ՃՈ-ի կողմից:

Նախագծով նաև նախատեսվել են այն բացառիկ դեպքերը, երբ դատական նիստով կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու համար անհրաժեշտ լուծումներ են առաջարկվել:

  • Կիսվել: